Մարտի 13-ին նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը, ինչի առթիվ բանաստեղծի տուն-թանգարանը նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ։

Գրողի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին ժամը 14։00, տուն-թանգարանն առաջին անգամ կազմակերպեց առցանց էքսկուրսիա, ինչը հնարավորություն ընձեռեց չարենցասերներին, գրականասերներին, թանգարանի ընկեր-բարեկամներին, չայցելելով թանգարան, բացահայտել Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և ինքնատիպ մարդուն: Մտովի տեղափոխվեցին  Չարենցի ծննդավայր, եղան  նրա հյուրընկալ տանը՝ զգալով չարենցյան շունչը:

Նույն օրը երեկոյան՝ ժամը 18։30, տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ  ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Սաթենիկ Սարգսյանը (ֆլեյտա)։ Ծրագրում հնչեցին Վ․Ա․Մոցարտի, Ջ․Ռոսինիի, Գ․Ֆ․Հենդելի, Ա․Վիվալդիի, Ա․ Չեստիի, Ալ․Ստրադելլայի, Հ․ Պյորսելի ստեղծագործությունները, ինչպես նաև աշխարհահռչակ դասականների չարենցյան թարգմանությունները (ասմունքող՝ Սոնա Համբարձում)։

Իսկ ահա Ե․ Չարենցի ծննդյան 124-ամյակի օրը՝ մարտի 13-ին ժամը՝ 16։00-ին բանաստեղծի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը և Ռեգինա Ղազարյանի* «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի՝ Արլուպա հավելվածի միջոցով վերակենդանացող ցուցադրությունը (առաջին անգամ տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը համալրվեց նորագույն տեխնոլոգիայով)։

 *Ռեգինա Ղազարյանը (հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի) Եղիշե Չարենցի մտերմուհին էր, որին գրողը վստահեց ստեղծագործական վերջին շրջանի անտիպ ստեղծագործությունների պահպանությունը: Բանտում շապիկի թիկունքին քիմիական մատիտով գրած գրության համաձայն, Չարենցի կինը՝ Իզաբելլան, գրողի անտիպ ձեռագրերի մի մասը հանձնում է քսաներկուամյա Ռեգինային։ Նա զմռսում է միջին չափի մի տակառ, ձեռագրերի թղթապանակները փաթաթում մոմլաթի տարբեր կտորների մեջ և դասավորելով տակառում՝ պահում է հողի տակ ազգականներից մեկի տան ներքնահարկում։ Տակառը բացվում է Ստալինի մահից հետո՝ 1954 թվականին, երբ արդեն «ձնհալ» էր, իսկ մեկ տարի անց Եղիշե Չարենցը ետմահու արդարացվում է:

Arloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդում Չարենցի ձեռագրերը թանգարանի ցուցասրահով, և այցելուն հպվելով՝ կարող է ծանոթանալ այդ ձեռագրերի բովանդակությանը։

Միջոցառումն ավարտվեց Նաիրյան վոկալ անսամբլի ելույթով։