«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 25-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում անցկացվեց գրական-երաժշտական երեկո՝ «Համընդգրկուն ժառանգություն․ Հայրենական եզերքի հնչյուններ» խորագրով։ Այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին (2022 թվականին նշվելու է բանաստեղծի հոբելյանական 125-ամյակը): Ողջույնի խոսքով հանդես եկավ Ե․ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, ով ներկայացնեց «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի խորհուրդը և տարվա խորագրին համապատասխան թանգարանի կողմից կազմակերպված միջոցառման բովանդակությունը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Չարենցի հայրենասիրական քնարը ներկայացնող ստեղծագործություններից հատվածներ, խոհեր, հայրենասիրական երգեր, ռոմանսներ, արիաներ հայկական օպերաներից (նվագակցող՝ Նունե Մելիք-Վրթանեսյան, համերգավար՝ Արսեն Ղազարյան, գեղարվեստական ղեկավար՝ Էլինա Վանիյան)։ Շնորհակալագրեր տրվեցին դեռևս տարիներ առաջ թանգարանի կողմից կազմակերպված «Բանք չափաւ» ծրագրի հայտատուներին՝ մասնակցության համար (համավարակի և պատերազմի պատճառով ծրագիրը նախատեսված ձևաչափով չիրականացավ)։