Գրքի երևանյան չորրորդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Եղիշե Չարենցի թոռան՝ Գոհար Չարենցի հետ։ Նրա հետ զրուցեց գրականագետ Հայկ Համբարձումյանը։ Մտերմիկ զրույցը հնարավորություն ընձեռեց «թերթելու» բանաստեղծի հետ կապված ընտանեկան հուշերը։
Ներկայացնում ենք պատառիկներ հանդիպումից։ 

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԹՈՌԸ՝ ԳՈՀԱՐ ՉԱՐԵՆՑ


Առաջին ծանոթությունը Չարենցի հետ


Առաջին ծանոթությունս Չարենցի հետ եղավ 7 տարեկանում։ Պետք է դպրոց հաճախեի՝ Չարենցի անվան դպրոցը․ առաջին դասարան։ Գնացել էինք  մայրիկիս հետ։ Դրսում շատ մարդ էր հավաքվել, ծնողները երեխաների հետ միասին սպասում էին ներս մտնելուն։ Դպրոցի պահակը ոչ ոքի թույլ չէր տալիս ներս մտնել, բայց մայրս, քանի որ շտապում էր, շատ արագ ձեռքիցս բռնեց և ուղղակի ներս տարավ։ Պահակը հետևից բղավեց՝ այնպես ես առաջ քշում, կարծես հորդ դպրոցը լինի։
Շատերն էին ճանաչում մորս, ծիծաղեցին և բացատրեցին, որ սա իսկապես իր հոր դպրոցն է։  Եվ ես այդ զգացողությունն ունեցա, որ Չարենցը՝ պապիկս, այնքան մեծ մարդ է, որ իր անունով դպրոց կա, և այս երեխաները բոլորն այնտեղ են հաճախում, և արձանը կա դպրոցի առջև․․․ Զգացողությունը, որ այդ օրն ունեցա, մինչև հիմա հիշում եմ։ Իհարկե, հետո մեծանալով, կարդալով, իսկապես հասկացա՝ ով է  Չարենցը։

Մեզ տանում էին ուղղակի հյուրերին ցույց տալու

Ես և քույրս սովորում էինք Չարենցի անվան դպրոցում։ Երբ հյուրեր էին լինում, մեզ ուղղակի տանում էին նրանց մոտ։ Հյուրերը հարցեր էին տալիս, արտասանում էինք ու շատ-շատ սիրում էինք այդ օրերը, որովհետև շատ դասերի այլևս չէինք մասնակցում։

Մեծ պատասխանատվություն

Ես հպարտ էի, որ Չարենցի թոռն եմ, բայց դա նաեւ պատասխանատվություն էր:  Նրա ճակատագիրը կարծես մեզ փոխանցվեց․․․Ամուսնուս հետ ծանոթացել ենք համալսարանում։ Նա Եթովպիայից էր եկել։ Պապիկս մի օր ասաց՝ քարտեզը բերեք, տեսնեմ Եթովպիան որտեղ է։ Տատիկս էլ թե՝ այնտեղ կարծեմ մարդ են ուտում։ Միայն մայրս ասաց, որ ծանոթ է նրան, ազնիվ, վստահելի երիտասարդ է։ 1979-ին ամուսնացանք, պետք է գնայինք Եթովպիա՝ որպես ուսուցիչներ։ Նա գնաց, ասացին՝  ես կմեկնեմ մեկ ամիս հետո, երբ թղթերը պատրաստ լինեն, բայց մեկնեցի համարյա երկու տարի անց։  Ինձ ասացին, որ ամենավերևից պետք է սկսել, այսինքն՝ ՊԱԿ-ի (Պետական Անվտանգության Կոմիտե) պետից։  Առաջին հարցը, որ պետն ինձ տվեց՝ դու չգիտե՞ս ում թոռն ես։ Պատասխանեցի, որ երկու պապիկ ունեմ։ Ասաց, իհարկե գիտես՝ ում մասին եմ խոսում, մենք ճիշտ չենք գտնում, որ Չարենցի սերունդը մեծանա դրսում։ Ասացի, բայց ես ամուսնացել եմ և գուցե նորից վերադառնամ, ասաց՝  մեկ է, հարմար չենք գտնում, այստեղ մնա, նորից կամուսնանաս․․․ դա այն դեպքում, երբ արդեն ծնվել էր մեր առաջնեկը։ Բավականին շատ դռներ թակեցինք, մինչև որ դրսից ճնշում եղավ, ու նրանք ստիպված երկու տարի հետո ինձ թողեցին։ Երեք տարի ապրեցինք Եթովպիայում, հետո մեկնեցինք Հոլանդիա, 24 տարի Եվրոպայում ապրելուց հետո վերադարձանք հայրենիք, ու արդեն 10 տարի է, որ ես տանն եմ։ 

Որովհետեւ դրանք երկար ճանապարհ են անցել

Շատերն ասում են, որ Չարենցը Արփենիկին ավելի շատ է սիրել։ Բայց ես համաձայն չեմ, դրանք տարբեր սերեր էին։ Նա Իզաբելլային որպես երիտասարդ աղջկա էր վերաբերվում․  Արփենիկն իր համար հասուն կին էր։
Իզաբելլան հայերեն լավ չգիտեր և ռուսերեն բառեր էր օգտագործում։ Չարենցը բարկանում էր, ասում էր՝ հայերեն խոսիր։ Իզաբելլան ասում էր, թե հայերեն բառերը շատ երկար են, Չարենցը՝  որովհետև դրանք երկար ճանապարհ են անցել։

Շարունակությունը՝ http://ardi.am կայքում։