«Երկերի ժողովածուի»

Իմ այս «Երկերի ժողովածուն», թվում է թե, շատերին պիտի զարմացնի: Եվ դա հասկանալի է միանգամայն: Եվ ահա թե ինչո՞ւ:

Իմ գրական գործունեության սկզբի օրից ես ստիպված եմ եղել իմ հրատարակություններն ինքս անել և, քանի որ այդ գործը միշտ կապված է եղել նյութական որոշ հնարավորությունների հետ, ուստի և ես մինչև օրս ինչ որ հրատարակել եմ-հրատարակել եմ պատահմամբ և երբեք հնարավորություն չեմ ունեցել սիստեմատիկ կերպով հրապարակ հանել իմ ստեղծագործությունը,-մի հանգամանք, որ չափազանց նպաստում է որևէ գրողի մասին ոչ ճիշտ՝ պատահական կարծիք կազմելուն:

Եվ ահա հիմա, երբ հնարավորոթյուն ունեմ իմ ամբողջ ստեղծագործությունը հրապարակ հանելու-մի տխուր երկմտություն պարուրել է ինձ: Հրատարակե՞լ արդյոք այն բոլոր հին բանաստեղծությունները, որոնք անքակտելի օղակներ են կազմում իմ հոգեկան, նույնպես և ստեղծագործության-զարգացման բավականին երկար ընթացքի,-թե՞ թողնել, որ նրանք, այդ ձախող պայմաններից դրդված անլույս մնացած երկիրը այնպես էլ մնան թղթերում և իզուր սպասեն ոչնչացման: Ավելի քան բնական պիտի թվա այս երկմտությունը, որովհետև ստորև հրատարակած իմ երկերից շատ-շատերը կարող են թվալ անհասկանալի և, որ ավելի հավանական է՝ անտեղի: Բայց սխալված կլինեն այդպես մտածողները: Ամեն մի հեղինակ պարտավոր է իրեն հրատարակել այնպես, ինչպես ինքն է հասկանում և ո՛չ թե այնպես, ինչպես պասահմամբ հրատարակած երկերի վրա հիմնվելով՝ պատահական տպավորություն են ստացել ուրիշները:

Այսքանը-Pro domo sua. Մի քանի խոսք ևս ավելորդ չէր լինի ասել հրատարակության կարգի մասին:

«Երկերի ժողովածուն» խմբագրելիս ես գլխավորապես մտահոգված եմ եղել նրանով, որ ամբողջ հրատարակությունը, եթե ոչ լիակատար-գոնե մոտավոր պատկերը հանդիսանա իմ մինչայժմյա ստեղծագործության:

Այդ նպատակով ես ամբողջ գործը բաժանել եմ երկու ստվար հատորների, ըստ որում առաջինի մեջ մտնում են լիրիկական բանաստեղծությունները և պոեմները, իսկ երկրորդի մեջ-էպիկական պոեմները: Ինչպես առաջին, նույնպես և երկրորդ հատորում ես բանաստեղծություններն ու պոեմները դասավորել եմ ժամանակագրական կարգով, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ բանաստեղծությունը գրվում է տվյալ թվականին ո՛չ թե պատահմամբ, այլ, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ ժամանակագրական կարգով, որը և ամենաէականն է որևէ բանաստեղծի հասկանալու համար: Այս թերևս մի քիչ չի վերաբերում «Խառն բանաստեղծություններին», որոնք տեղավորված են, թեպետև նույնպես ժամանակագրական կարգով, բայց բանաստեղծական շարքերից առանձին՝ գրքի վերջին մասում՝ գրքի ամբողջությունը չխախտելու նկատառումով:

Ինչ վերաբերում է նախկին հրատարակածներիս ուղղումներին-կարծում եմ այդ ոչ միայն անհրաժեշտ, այլև անխուսափելի է լեզվական խնդիրների և ոճային նկատառումների սահմաններում: Եվ իմ բոլոր ուղղումները, կարծում եմ, չեն անցել հիշյալ սահմաններից:

Վերջում ավելորդ չէր լինի հիշատակել, որ իմ առանձին հրատարակությամբ լույս տեսած պոեմները բոլորն էլ սպառվել են վաղուց և վաղուց սպասում էին երկրորդ հրատարակության: