Եղիշե Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում։ Ըստ բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք։ Չարենցի ձերբակալությունից հետո գրքերի մեծ մասը ոչնչացվել է։ Այժմ գրադարանում կա 1452 գիրք։ Գրադարանը ներառում է հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով հազվագյուտ արժեքավոր գրքեր տարբեր մասնագիտությունների, արվեստի տարբեր ճյուղերի, կրոնների վերաբերյալ։
Չարենցը գրադարանում ունեցել է հայերենով ընտիր գրականություն՝ Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Ներսես Շնորհալի, Սայաթ-Նովա, Լեո, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Միսակ Մեծարենց, Բահաթուր Բահաթրյան և այլն, ուսումնասիրել է հին հունական, եվրոպական, ռուս գրականություն։ Լինելով հին արևելքի և եվրոպական արվեստի ու գրականության մեծ սիրահար՝ անձնական գրադարանը հարստացրել է Ավրելիուսի, Մարսել Պրուստի, Ասվագոշայի, Լուիջի Պիրանդելլոյի, Կոնստանտին Բալմոնտի, Ֆրեյդի, Շտեյների, Բելիի, Նիկոլայ Գոգոլի, Պուշկինի, Շպենգլերի, Թագորի ստեղծագործություններով։
Գրքերի շարքում իրենց առանձնակի տեղն ունեն «Старые годы» հանդեսի 1907-1916 թթ. 25 հատորները։ Անձնական գրադարանում շատ գրքեր կրում են բանաստեղծի ինքնագրերը, լուսանցքներում առկա են Չարենցի ձեռքով արված նշումներ, որոնք արտահայտում են բանաստեղծի վերաբերմունքը գրքերի հանդեպ։ Չարենցի անձնական գրադարանում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Համլիկ Թումանյան, Ավետիք Իսահակյան, Գարեգին Բես, Խաչիկ Դաշտենց, Մ. Մազմանյան, Ռ. Թերլեմեզյան, Ա. Բելի, Ա. Գատով, Յու. Յանովսկի և ուրիշ հեղինակների մակագրություններով գրքերը։ Բազմաթիվ գրքեր բերվել են Թիֆլիսից, Մոսկվայից, Պետերբուրգից, Ցարիցինից։ Գրադարանը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու Չարենցի մտաշխարհի, նրա հոգևոր հետաքրքրությունների, Չարենց երևույթի մասին։