ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ
Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
Ակսել Բակունց
Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասա-հայ իրականության մեջ…
Վահան Տերյան
Հայաստանի երիտասարդ բանաստեղծներից մեկը հանկարծակի բռնկումով մի սքանչելի բան է ասել՝ «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Դարերի իմաստությունը, խորքն ու տարողությունն է ամփոփված այդ բառի մեջ: Արևահամ…: Ասացեք, խնդրեմ, կա՞ ճիշտ այդ բառի թարգմանությունը եղող մի բառ ուրիշ ազգերի լեզուների մեջ: Ո՛չ: Արևահամ բառը ուրիշ լեզվով իմաստ չունի, սակայն հայերենով ունի: Մեր մշակույթի մեջ արևը տարբեր է: Մեր բառերն արևահամ են մեր ժողովրդի բերանում, արևը հոտ էլ ունի: Երբ հայ տանտիկինը հագուստներ է փռում չորացնելու, ասում է՝ արևի հոտ ունի:
Ավետիս Ահարոնյան
Հանճարեղ մարդիկ, որպես կանոն, ոգեշնչված դեմք չեն ունենում: Ես նրան բավականին շատ եմ հանդիպել և ամեն անգամ վիճել: Մենք համարյա ոչ մի բանում չէինք համաձայնում, տարբեր էինք գնահատում հայ արվեստի միևնույն երևույթները և տարբեր ձևով հասկանում հայ ժողովրդի պատմական տիպը: Իմ կյանքի ութսունամյա հասակում, եթե հնարավոր լիներ կյանքից ետ վերադարձնել մի քանի տասնյակ տարիներ, կցանկանայի նորից խոսքի բռնվել Չարենցի հետ և ասել, որ ճշմարիտը Չարենցն էր: Ասել նրան շատ բան, որ չհասցրեցի ասել այն ժամանակ…
Մարիետա Շահինյան
Չարենցը մեծ հանճարների մեջ ամենազարմանալին համարում է «ներքին երկաթյա կոնտրոլը», «հոգևոր նժարի» գործոնը, «որպեսզի ոչ թե նյութը տիրապետի հեղինակին, այլ՝ հեղինակը նյութին, - սակայն այնպես, - որ չկորչի և ոչ մի կարևոր ճյուղք, անգամ ոստ, անգամ ոստիկ»: Այս երևույթը տեղի է ունենում բուռն լարման ու շիկացման գերագույն էքստազի պահին, երբ բանաստեղծը երկնում է գեղարվեստական հրաշքը: «Ես իմ անուշ Հայաստանի…»-ն արտասովոր կենտրոնացման, ներքին երկաթե կոնտրոլի ծնունդն է, որի ամբողջացման մեջ բացառիկ դեր է խաղացել հոգևոր նժարը: