Ինչպես արվեստն ըդհանրապես, այնպես էլ բանաստեղծությունը մասնավորապես ոչ այլ ինչ է, եթե ոչ որոշ դասակարգի կենսատրամադրութունները և գեղեցկի ըմբռնումները կազմակերպելու միջոց: Նա գեղարվեստական որոշ ձևերի մեջ է դնում այս կամ այն դասակարգի զգացմունքային վերաբերմունքը դեպի աշխարհը՝ դեպի իրա տնտեսա- քաղաքական վիճակը, դեպի բնությունը, կինը և այլն: Եթե արվեստի տվյալ ձևը կարող է ամփոփել  իր մեջ տվյալ դասակարգի կենսատրամադրությունները, եթե նա ընդունակ է համապատասխան կաղապար հանդիսանալ այդ դասակարգի կենսական զգացմունքները կազմակերպելու գործում-նա կընդունվի վերջինիս կողմից և կդառնա կլասիկ: Ամեն մի նկար, երգ, բանաստեղծություն միայն այն ժամանակ է ՛՛ժողովրդականանում՛՛, այսինքն որոշ խավերի սեփականություն դառնում- երբ նա պրիզմայի պես կարողանում է ի մի հավաքել տվյալ խավի կամ դասակարգի որևէ կենսատրամադրության ամենաբնորոշ էլեմենտները: Այդպիսի գեղարվեստական երկը հոգեկան սեղմ առնչություն է ստեղծում տվյալ դասակարգին պատկանող անհատների մեջ, միացնում է նրանց, կազմակերպում: Սրանով է ահա կայանում արվեստի, կամ մասնավորապես, բանաստեղծության հասարակական արժեքը:

1922 հունիս. Երևան